Հայոց պատմություն

ԱՐԵՒԵԼՅԱՆ ՀԱՅԱՍԱՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ

 

Իրադրությունը Արևմտյան Հայաստանում կտրուկ փոփոխություններ է կրել 19-րդ դարում։ Մի կողմից՝ օսմանյան բռնապետական լծի դեմ բռնկած ազգային–ազատագրական հուժկու շարժումը Բալկաններում և 19-րդ դարի ռուս–թուրքական պատերազմները, ազգային ինքնագիտակցության զարթոնքը և օսմանյան դժնդակ տիրապետությունը թոթափելու ձգտումը, մյուս կողմից՝ դրան հակազդելու թուրքական կառավարության ջանքերը վատթարացրել են արևմտահայության կացությունը։ 1828-1829 թվականին ռուս–թուրքական պատերազմը եզրափակած Ադրիանապոլիսի հաշտության պայմանագրով (1829) Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցել են ռուսական տիրապետության տակ, և ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են Արևելյան Հայաստան, որի հետևանքով Արևմտյան Հայաստանը տնտեսական անկում է ապրել, հօգուտ իսլամադավան տարրի փոփոխվել է նրա ժողովրադագրական պատկերը։

1820-1830-ական թվականներին Օսմանյան կայսրությունում ստեղծված ծանր կացությունը կառավարող վերանախավի առաջադիմականորեն տրամադրված տարրերին հարկադրել է քայլեր ձեռնարկել վարչակարգի եվրոպականացման ուղղությամբ։ 1839 թվականին Թանզիմաթի առաջին ակտով (Գյուլհանեի հաթթը շերիֆ) նախատեսվել է, անկախ կրոնական պատկանելիությունից, բոլոր հպատակների անձի, ունեցվածքի, պատվի անձեռնմխելիություն, հարկերի գանձման կապալային համակարգի վերացում և հարկերի կարգավորւմ, ֆինանսների վարչության, դատավարության բարելավում և այլն։ Սակայն, հանդիպելով մուսուլմանական հետադիմական շրջանների կատաղի դիմադրությանը, այդ բարեփոխումները մնացել են թղթի վրա։ Ղրիմի պատերազմի ժամանակաշրջանում առաջացած ճգնաժամային նոր կացությունը, Անգլիայի, Ֆրանսիայի ու Ավստրիայի գործադրած ճնշումը սուլթանական կառավարությանը ստիպել են 1856 թվականին փետրվարի 18–ին հրապարակել Հաթթը հումայունը, որը, կրկնելով հանդերձ Հաթթը շերիֆը, լրացուցիչ իրավունքեր էր վերապահում քրիստոնյաներին։ Սակայն հետագա հողային, վարչական և մյուս օրենքերը ոչ մի փոփոխություն չեն մտցրել Արևմտյան Հայաստանի հասարակական–տնտեսական վիճակի մեջ։

 

Արևմտահայերի կյանքում կարևոր իրադարձությունն էր Ազգային սահմանադրության (1860) ստեղծումը, որը կոչված էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթական, հասարակական կյանքը։

1877-78 թվականների ռուս–թուրքական պատերազմը, Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը և Բեռլինի պայմանագիրը (1878) նոր իրավիճակ են ստեղծել Արևմտյան Հայաստանում։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրի 61–րդ հոդվածներով միջազգային դիվանագիտության հարցի է վերածվել Հայկական հարցը։ Այս հանգամանքը՝ մի կողմից, Բուլղարիայի ազատագրումը և ԵվրոպայիցՕսմանյան կայսրության փաստական դուրս մղումը՝ մյուս կողմից, օսմանայան թուրքերի առջև ծառացրել են սեփական հայրենիք ստեղծելու միտումը և նրանց հայացքը դարձրել դեպի կայսրության արևելյան ծայրերը, հատկապես՝ Արևմտյան Հայաստան։ Օգտվելով եվրոպական մեծ տերությունների միջև գոյություն ունեցող քաղաքական հակասություններից՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ը վիժեցրել է բարեփոխումների անցկացումը զանազան ստապատիր պատրվակներով և իբր թե ամբողջ կայսրությունում բարեփոխումներ անցկացնելու մտադրությամբ։ Իրականում սանձազերծվել է հակահայկական հիստերիա, մշակվել Հայկական հարցը հայերի տեղահանության ու կոտորածների միջոցով լուծելու քաղաքական հեռագնա ծրագիր։ Այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը եղել է քրդական համիդիեհեծելագնդերի ստեղծումը (1891), այնուհետև ծավալվել են հայկական կոտորածները (1894-1896 թվականներին), որոնց զոհ են գնացել ավելի քան 300000 արևմտահայեր։

               ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

Ի հակադրության սուլթանական կառավարության՝ արևմտահայերի նկատմամբ կիրառած վայրագ բռնությունների, սկզբնավորվել է ֆիդայական շարժումը՝ որպես ազգային–ազատագրական պայքարի յուրատեսակ ձև Արևմտյան Հայաստանում։ 1890 – ական թվականներից արևմտահայության ազգային–ազատագրական պայաքարը ղեկավարել են նորաստեղծ ազգային – քաղաքական կուսակցությունները (Արմենական, Սոցիալ–դեմոկրատական հնչակյան և Հայ հեղափոխական դաշնակցություն)։ Բայց գործողությունների անհամաձայնեցվածությունը, ներկուսակացական և միջկուսակացական երբեմն բուռն պայքարը, արևմտահայության շերտընդմեջ բնակեցվածությունը մուսուլմանների հետ, որոնց թիվը գնալով ավելանում էր Եվրոպայից արտաքսված մուհաջիրների և Կովկասից գաղթած չերքեզների հաշվին, մեծապես դժվարացրել են արևմտահայության ազգային–ազատագրական պայքարը, որը այնպես էլ համընդհանուր ապստամբական շարժման չի վերածվել։

Թվում էր, թե 1908 թվականին երիտթուրքերի հեղաշրջումը, որ իրագործվեց ազատություն, հավասարություն, եղբայրություն նշանաբանով, և որի հաջողությանը մեծապես սատարեց Հայ հեղափոխական դաշնակցությունը, պետք է արմատապես հեղաբեկեր հպատակ ժողովուրդների կացությանը, բայց Ադանայի հայերի կոտորածը (1909) վկայեց, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդ II-ի քաղաքականության ընթացքի հավատարիմ հետևորդներն են։ 1911 թվականին երիտթուրք պարագլուխների Սալոնիկի գաղտնի խորհրդակցությունը վճռել է Հայկական հարցը լուծել հայերին բնաջնջելով։

1912-13 թվականներին Բալկանյան պատերազմների ընթացքը և արևմտահայերի համար ստեղծված մղձավանջային կացությունը ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե–ին հարկադրեց դիմել ռուսական կառավարությանը և վերստին բարձրացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Ռուսական կառավարության ներկայացրած բարենորգումների ծրագիրը դարձել է դիվանագիտական երկարատև սակարկումների առարկա։ 1914 թվականին հունվարի 26–ին ստորագրված ռուս–թուրքական համաձայնագրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանում ստեղծվելու էին երկու հատվածներ, որոնցից մեկն ընդգրկելու էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), մյուսը՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները, իսկ դրանց գլուխ կարգվող եվրոպական երկու ընդհանուր տեսուչները հետևելու էին բարենորոգումների ընթացքին։ Սակայն վերահաս առաջին համաշխարհային պատերազմը ի չիք դարձրեց այդ համաձայնագիրը։

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ ԵՂԵՌ

Առաջին համաշխարհային պատերազմում երիտթուրքերի կողմից կառավարվող օսմանյան Թուրքիան միացել է գերմանական բլոկին՝ ընդդեմ Անտանտի երկրների։ Օգտվելով պատերազմական վիճակից՝ երիտթուրքերը ձեռնամուխ են եղել արևմտահայության զանգվածային բնաջնջմանը և նրանց բուն հայրենիքի յուրացմանը։ Սարիղամիշի մոտ թուրքական բանակի կրած ջախջախիչ պարտությունը (1914թվականի դեկտեմբեր 14) ամրապնդել է նրանց հրեշավոր մտադրությունը։ Օսմանյան հայրենիքը պաշտպանելու պատրվակով բանակ զորակոչված 18–ից մինչև 60 տարեկան զենք կրելու ընդունակ հայ տղամարդկանց զինաթափել են իբր աշխատանքային գումարտակներում օգտագործելու համար և կոտորել։ 1915 թվականի ապրիլի 24–ին Կոստանդնուպոլսում ձերբակալված հայ մտավորականության ներկայացուցիչներին ուղարկել են Անատոլիայի խորքերը և գազանաբար ոչնչացրել։ Երիտթուրքական բարբարոսներն այնուհետև տեղահանության պատրվակով սկսել են բնակավայրերից հանել կանանց, երեխաներին ու ծերունիներին և աներևակայելի խոշտանգումների ենթարկելով ոչնչացրել։ Եվ եթե հայության փոքրաթիվ բեկորներ, այնուամենայնիվ, հասցվել են Միջագետքի ավազուտներ, ապա սոսկ ցույց տալու համար, որ եղել է տեղահանություն և ոչ թե կոտորած։ Բայց երբ, չնայած բոլոր հնարքներին, եվրոպական և ամերիկյան հասարակայնությունը իրազեկ է դարձել կատարվածին, որպես արդարացուցիչ հանգամանք պատրվակ է բերվել առաջին հերթին 1915 թվականին Վանի հերոսամարտը, որը մատուցվել է որպես դավաճանական ապստամբություն օսմանյան բանակի դեմ։

Ամենուր և միշտ չէ, որ երիտթուրքական վանդալներին հաջողվել է հեշտությամբ ի կատար ածել իրենց դժոխային ծրագիրը։ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ բազմաթիվ վայրերում հայ ժողովուրդը զենքը ձեռքին ծառացել է դարավոր ոսոխի դեմ՝ գիտակցելով, որ փրկության այլ ելք չկա։ Հայ ժողովրդի պատմության տարեգրության էջերում ընդմիշտ կմնան Վանի, Շատախի, Հայոց Ձորի, Արճեշի, Թիմարի, Սասունի, Մուշի, Մուսա լեռան, Շապին Գարահիսարի, Ուրֆայի հերոսամարտերը։

1915-16 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը գրավել են Արևմտյան Հայաստանի տարածքի նշանակալի մասը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թվականին դեկտեմբերի 29–ին հրապարակեց Թուրքահայաստանի մասին դեկրետը, որով պաշտպանվում էր Ռուսաստանի օկուպացրած Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Երաշխիքներ էին համարվում ռուսական զորքերի դուրսբերումը և հայ ժողովրդական միլիցիայի կազմակերպումը, տարբեր երկրներում գտնվող գաղթական և վտարանդի, պատերազմի ժամանակ բռնի արտաքսված հայերի անարգել վերադարձը։ Սակայն այս դեկրետը հազիվ թե իրական հիմքեր ուներ, որովհետև ռուսական զորքերի դուրսբերումը ինքնըստինքյան հարցականի տակ էր դնում դեկրետի հիմնադրույթների կենսագործումը։ 1918 թվականին Բրեստի հաշտության պայմանագրի 4–րդ հոդվածում ասված էր. Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ որ իրենից կախված է, որպեսզի ապահովի իր զորքերի դուրսբերումը Արևելյան Անատոլիայի նահանգներից և վերջիններիս կանոնավոր վերադարձը Թուրքիային։ Պայմանագրում Թուրքահայաստանը վերածվել է Արևելյան Անատոլիայի, որի նահանգները պետք է վերադարձվեին Թուրքիային՝ լիովին անտեսելով Թուրքահայաստանի մասին դեկրետը։ Ավելին՝ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեին նաև 1877-78 թվականներին ռուս–թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցած Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից, և նրանց ապագա կացությունը պետք է սահմանվեր Թուրքիայի համաձայնությամբ։ Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը առավել քան ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար (ռազմաճակատի մերկացում, մուսավաթական–մենշևիկյան բլոկի հակահայկական վարքագիծ, թուրք զորքերի ներխուժում Անդրկովկաս, Բաքվում ու այլ վայրերում կազմակերպված հայկական նոր ջարդեր)։

Պարտություն կրելով առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, պահմանել էր իր տիրապետությունը Արևմտյան Հայսստանի նկատմամբ։ Դաշնակիցները Արևմտյան Հայաստանի և առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920)։ Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվեին Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթներից մասեր՝ դեպի ծով ելք ունենալու պայմանով։ Հայաստանի մանդատը առաջարկվում էր ԱՄՆ–ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում էր ԱՄՆ–ի պրեզիդենտից՝ անցկացնել սահմանագծում։

1920 թվականին օգոստոսի 10–ին կնքված Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն՝ հրաժարվելով նրան անցած տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից։ Սակայն Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորած Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը չճանաչեց Սևրի պայմանագիրը, Խորհրդային Ռուսաստանի կառավարության նյութական և բարոյական աջակցությամբ պայքար ծավալեց դրա դեմ՝ ծպտված համաշխարհային հեղափոխոխության առաջամարտիկի դիմակով։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s