Գրականություն

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ.10 ՄԻՏՔ

 

Картинки по запросу xrimyan hayrik

«Մարդիկ հավասար ծնվում են, անհավասար ապրում, հավասար էլ մեռնում են»:
«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»:
«Մարդու ազնվության ամենափայլուն փաստը նրա մեծահոգությունն է և ոչ թե՝ ունեցած հարստությունը»:
«Նա է իսկական ազնիվ անձ, որ դեպի ժողովուրդը ունեցած սիրո մեջ է փնտրում յուր փառքը»:
«Տերը յուր իշխանական կահույքը դնելով երկնքում, ամբողջ տիեզերքը կառավարում է բնական և հավիտենական օրենքներով: Նրանք անքակտելի և անփոփոխ են, ոչ ոք չի կարող քանդել կամ փոխել նման աշխարհական կանոններ, որոնք մի ձեռքով գրվում են, իսկ մյուսով՝ ջնջվում»:
«Մի՞թե կարելի է մերձավորից խլած հացով կշտանալ: Ոչ, գողացված և ուժի զորությամբ ձեռք բերած հացը շուտ է վերջանում: Անհատնելի և արդար է այն հացը, որ ձեռք է բերվում ճակատի քրտինքով: Ով այս սկզբունքը ոտնատակ տալով է հաց ուտում, նա քանդում է Աստծու պատվիրանը»:

Գրականություն

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Картинки по запросу xrimyan hayrik

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գայ Մասեաց սարէն, նա ձախն ու աջը
Մովսէսի քընարն՝ Ղևոնդի խաչը,
Աստղի մի նայուածք, քընարի մը ձայն,
Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն.
Դեռ չը ճանչցա՞ք զայն, ճակա’տք վշտակո,
Հրեշտա’կն է Հայոց:

Պ. Դուրյան

ԳԱՂԱՓԱՐԻ ԵՎ ԱԶԱՏՈԻԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ

Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի և ազատության ջահակրի» (Սիամանթո):

1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում է ծնվել Մ. Խրիմյանը: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել: Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է հիմնավորապես ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ, անձնուրացաբար աշխատելու «գյուղաբնակ եղբարց» լուսավորության համար, նրանց պաշտպանելու ընկերային չարիքներից, վերջապես, պայքարելու անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն «խաչեալ ճշմարտութեան»: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք: Շատ վաղ հմտացավ Խրիմյանը խոսքարվեստի մեջ: Մասնավորապես կենդանի խոսքի անզուգական վարպետ էր. արտաքուստ պարզ ու անզարդ՝ նրա քարոզն ու ճառը ունակ էին ոչ միայն մտքեր արթնացնելու, այլև հուզելու, ալեկոծելու սրտեր… Եվ խոսքն ազդեցիկ էր ոչ թե մոգիչ գեղեցկությամբ, այլ հենց նրանով, որ արտահայտում էր կյանքի ճշմարտությունը, սրտաբուխ էր, անկեղծ ու անպաճույճ:

Շարունակել կարդալ “ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ”

Գրականություն

Օշոյի մտքերը

Картинки по запросу Օշո

Մարտի 1

Աշխարհը տանջվում է, քանի որ մարդկության պատմության ընթացքում մենք առաջին անգամ կորցրել ենք Աստծո հետքերը: Ոչ ոք և երբեք այնպես չի տառապել, ինչպես մենք: Անցյալում մարդիկ շատ աղքատ են եղել, մարդիկ քաղցած էին մնում, սակայն երբեք նրանք հոգեպես այսքան աղքատ չեն եղել: Մարդիկ երբեք հոգևոր առումով այնպես քաղցած չեն եղել, ինչպես այսօր: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ վերադարձնեմ ձեզ Աստծո ընկալումը:
Քանի դեռ մարդը կրկին չի արմատավորվել Աստծո մեջ, նա ապագա չի ունենա:

Մարտի 2

 

Գոյության հետ շփվելու համար մարդը պետք է մաքուր սիրտ ունենա: Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ: Երբ դատողությունն է իշխում, սիրը անմաքուր է մնում: Այն ծածկում է սիրտը, ինչպես փոշին է ծածկում հայելին:Դատողությունը ոչ այլ ինչ է, քան մտքերը, այսինքն` փոշին: Յուրաքանչյուր միտք պարզապես փոշու հատիկ է: Դուք պետք է մաքրվեք բոլոր մտքերից, այդ ժամանակ մաքրության կհասնեք:
Մարքությունը ոչ մի ընդհանուր բան չունի բարոյականության հետ: Իհարկե, մաքուր սիրտը բարոյական է, սակայն բարոյականություն կարդացող մարդը մաքուր չէ: Նա դեռ ապրում է գլխում, նրա բարոյականությունը առաջվա նման իշխում է սրտին: Նա չգիտի մաքրություն, քանի որ անմեղ չէ, այդ պատճառով էլ հիշե’ք, որ բարոյականությունը մաքրության չի հանգեցնում: Սակայն արդարացի է հակառակը` մաքրությունը հանգեցնում է բարոյականության: Սակայն սկզբում գալիս է մաքրությունը, իսկ նրան հետևում է բարոյականությունը:

Մարտի 3

Ժամանակակից մարդը մեր ողջ պատմության մեջ առաջինն է, որի մոտ բացակայում է սրբության մասին ամեն պատկերացում, որը շատ աշխարհիկ կյանքով է ապրում: Նա հետաքրքրվում է փողով, իշխանությամբ, հեղինակությամբ: Դա հիմարություն է: Նա ապրում է մանրուքներով, չնչին մանրուքներով: Մարդը զուրկ է ինչ-որ մեծ բանի մասին պատկերացումից, քան ինքն է: Նա ժխտում է Աստծուն, հայտարարում, որ Աստված մահացել է: Մարդը ժխտում է մահից հետո կյանքը, ժխտում է ներքին կյանքը: Նա հավատում է միայն ժխտմանը, այդ պատճառով էլ նա ամենուրեք միայն ձանձրույթ է տեսնում: Դա բնական է, քանի որ, եթե դուք չեք փոխազդում ինչ-որ մեծ բանի հետ, քան դուք եք, ձեր կյանքը հոգնեցուցիչ, ձանձրալի է դառնում: Կյանքը պար է դառնում միայն այն ժամանակ, երբ կան արկածներ: Եվ այն էլ կարող է արկած դառնալ, երբ ինչ-որ ավելի բանի հասնելու հնարավորություն կա, քան Դուք եք:

 

Մարտի 4

Մենք օտար չենք, այլ գոյության մի մասը: Սա մեր տունն է: Մենք այստեղ պատահական չենք, այլ այն պատճառով, որ մենք պետք ենք: Մենք այստեղ ենք, քանի որ Աստված ցանկացել է, որ մենք սկզբից ևեթ այստեղ լինենք: Այսպիսին է նրա կամքը, դրա համար ոչ ոք չպետք է իրեն օտար զգա: Սա հիմնական խնդիրներից մեկն է,որոնց ներկայումս բախվել է մարդկությունը: Ողջ աշխարհում խոհեմ մարդիկ անհանգստացած են, հուզված` «Ինչո՞ւ ենք մենք այստեղ»:
Մարտի 5

Ահա ձեզ իմ խորհուրդը` սկզբից սկսեք սեր որոնել, ոչ թեԱստծուն, քանի որ եթե Դուք անմիջապես Աստծուն եք որոնում, ապա նա կդառնա Ձեր երևակայությունը: Դա հիդուիստական աստված կլինի, կամ մուսաուլմանական, կամ քրիստոնեական: Այդպիսի աստվածն իրական Աստված չի լինի: Սիրո միջոցով որոնե’ք, քանի որ սերը քրիստոնեական, հինդուիստական, մուսուլմանական չի լինում: Սերը պարզապես սեր է, առանց ամեն տեսակի ածականների:
Սիրո մեջ ինչ-որ հիասքանչ բան կա: Եթե մարդկությունը սկսեր սեր որոնել, ոչ թե Աստծուն, ապա մենք հեշտությամբ կստեղծեինք մեծ մարդկային եղբայրություն:

Մարտի 6

Մենք ոչինչ չենք կորցրել: Աստված չի կորել, այդ պատճառով էլ նրան պետք չէ որոնել: Մենք պարզապես մոռացել ենք և ընդամենը պետք է հիշենք: Դա Ձեր գոյության, էության մեջ է: Դա ճշմարտություն անվանեք, Աստված, երանություն, գեղեկցություն` այս ամենը մեկ երևույթի, մեր գոյության ինչ-որ հավերժի, անմահի, աստվածայինի բնութագիր է:
Մենք ընդամենը պետք է խորանանք մեև բնույթի մեջ և տեսնենք, հասկանանք, գիտակցենք: Հետևաբար, իրականության մեջճանապարհորդությունը ամենևին էլ ճանապարհորդություն չէ: Մենք ոչ մի տեղ չենք գնում, այլ պարզապես պետք է մնանք լռության մեջ, մնանք մեդիտացիայի մեջ և ապրենք:

Картинки по запросу Օշո
Մարտի 7

Երբ ասում եք “Աստված”, ապա նա շատ հեռու ինչ-որ բան է թվում: Դարեր շարունակ մեզ ասել են, որ Աստված այլ տեղում է` երկնքում, շատ հեռու: Սակայն երբ ասում եք “սեր”, այն շատ սրտամոտ է, և Աստված ևս մոտ է դառնում: Քահանաները խորամանկ են, նենգ: Նրանք փորձում էին հաստատել, որ Աստված հեռու է, քանի որ միայն այն ժամանակ, երբ Աստված է, նրանք կարող են նրա ներկայացուցիչները, կամ միջնորդները դառնալ:
Երբ օգտագործում եք “Աստված” բառը, ուժեղացնում եք Ձեր անհատականության զգացումը: Աստված դառնում է սահմանափակ, որոշակի: սակայն սերն անհատականություն չէ, այլ որակ, առկայություն, բույր, ընդ որում, ոչ միայն ծաղկի, այլ ինչ-որ անսահմանի, անհունի:

Մարտի 8

Երբ Դուք ինքներդ ազատ եք Ձեզանից, ապա Դուք լցված եք Աստծով: Հիշեք, որ այս և այն չեն կարող համագոյատևել: Անընդհատ հիշե’ք, որ կարող է գոյություն ունենա կա’մ Աստված, կա’մ Դուք: Միայն անխելքն է իրեն ընտրում: Ընտրե’ք Աստծուն, կորչե’ք որպես էգո /ես/: Մոռացե’ք Ձեր` որպես գոյությունից առանձին ինչ-որ բանի մասին: Այդ ժամանակ այդ անհայտության մեջ Դուք կվերածնվեք: Դա պարադոքսալ իրավիճակ է` երբ Դուք ազատ եք Ձեզանից, ապա բավարարված եք դառնում, ընդ որում առաջին անգամ, և գոհունակությամբ լի:

Մարտի 9

Մի’ սիրեք կոնկրետ ինչ որ մեկին, այլ ողջ գոյությունը: Դա բնական իրականությունն է: Ծառերը, լեռները և մարդիկ իրականում անջատված չեն միմյանցից: Մենք բոլորս ինչ-որ միասնության մասերն ենք, մենք գոյություն ունենք ներդաշնակության մեջ: Մենք անընդհատ շնչում ենք թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ: Ծառերն անընդհատ ներշնչում են ածխաթթու գազ և արտաշնչում են թթվածին: Առանց ծառերի մենք չեինք կարող շնչել: Մենք մի ամբողջականության մեջ ենք կապված, միահյուսված ենք: Այսպես փոխկապակցված է ողջ գոյությունը: Այդ պատճառով էլ սիրե’ք ոչ թե կոնկրետ ին-որ մեկին, այլ ծառերը, աստղերը, սարերը, մարդկանց, կենդանիներին: Կարևորը ոչ թե այն է, թե ում եք Դուք սիրում, այլ որ ընդհանրապես սիրում եք:

Մարտի 10

Երբ Դուք ամբողջովին դատարկված եք և Ձեր մեջ ոչինչ չեք տեսնում ամեն ինչ մի ակնթարթում լույս է դառնում: Անսպասելիորեն Ձեր գոյության մեջ հազարավոր գույներ են ներթափանցում, Դուք լցվում եք ոչ երկրային բույրով և երաժշտությամբ, որը նախկինում երբեք չեք լսել: Այս ապրումի մեջ Դուք ազատվում եք կյանքից, մահից և, ի վերջո, Ձեզանից: Դուք դառնում եք գոյության Ձեր հոսքի մի մասը: Սակայն որպեսզի Աստված կարողանա գոյություն ունենալ, Դուք պետք է անհայտանաք:

Մարտի 11

Մարդկային բարեկեցությունը Աստծո մեջ է: Եթե մենք հիմնավորվենք Աստծո մեջ, ապա ամբողջական ու առողջ կլինենք: Եթե հրաժարվենք Աստծուց, ապա անարմատ կմնանք, առանց աջակցության: Մեզ համար Աստված ավելի շուտ մայր է, քան հայր: Տղամարդկային շովինիզմի պատճառով մարդը Աստծոն տղամարդ է դարձրել: Աստված ինքը` հողն է, մեր սնունդը, մեր բարեկեցությունը: Եվ մեր ամբողջ կյանքը ոչ այլ ինչ է, քան բարեկեցության աղբյուրների որոնում և հետազոտում:

Մարտի 12

Կյանքը միշտ նոր է, իսկ միտքը` միշտ հին: Կյանքը երբեք հին չի լինում, իսկ միտքը` երբեք նոր: Այդ պատճառով էլ նրանք երբեք չեն հանդիպում և չեն կարող հանդիպել: Միտքը հետ է շարժվում, իսկ կյանքը` առաջ: Այդ պատճառով էլ մարդիկ, որոնք միայն մտքով են սնվում, այնքան հիմար են գործում, որ երբ գիտակցում են այն ամենը, ինչ արել են իրենց, նրանք արդեն չեն հավատում, որ կարող էին այդքան հիմար լինել, այդքան անմիտ: Կյանքը կարելի է ճանաչել միայն առանց մտքի: Հենց դա է մեդիտացիան` խելքի անջատում, գոյություն առանց մտքերի, պարզապես ապրում: Տիրում է լռություն, ուղեղում ոչ մի բառ չկա, շարժումները կանգ են առնում: Աշխարհում ամեն ինչ ներթափանցվել է լուռ ու հանդարտ դատարկությամբ:

Մարտի 13

Աստվածային կամքի մի մասը դառնալու համար, մարդը պետք դուրս գա սեփական կամքի սահմաններից: Դուք պետք է թողնեք Ձեր կամքը, դրանում է կայանում մեր խնդիրը: Եթե մեր կամքը լուծվել է, ապա մեր միջով սկսում է գործել Աստված: Այդ ժամանակ այլևս չկան դժբախտություններ, չկա անհանգստություն: Դուք լրիվ թուլացած եք, բոլոր դժվարություններն անհայտացել են:

 

Մարտի 14

Նայե’ք Ձեր ներսը և այդ ժամանակ աստծո թագավորությունը Ձերը կլինի: Մենք այն երբեք, ոչ մի ակնթարթ չենք կորցրել: Իրականում, նույնիսկ եթե մենք ցանկանանք կորցնել այն, չենք կարող դա անել, քանի որ դա մեր էությունն է: Սակայն մենք սնանկ ենք դարձել սեփական կամքով, սեփական հիմարության պատճառով: Մենք մոռացել ենք կարդալ ներքին հրահանգները և դրանք որոնում ենք Վեդաներում, Ղուրանում, Աստվածաշնչում: Մենք ականավոր գիտնականներ ենք դարձել, սակայն ոչ հարուստ, մենք մնացել ենք այնպես աղքատ, ինչպես և միշտ: Հարստությունը միայն մի ճանապարհով է գալիս` դեպի ներս շարժման միջոցով, քանի որ այդպես գտնվում է մեր կենսական աղբյուրը, գանձարանը, անսպառ հարստությունը:

Մարտի 15

Մարդիկ դաժան են: Կյանքը նրանց դաժան է դարձնում, քանի որ այն մեզ պայքարի է պատրաստում: Քիչ-քիչ մարդիկ կորցնում են իրենց բնական նրբությունն ու նմանվում են քարի: Իսկ քարի նման մարդը մեռած է: Մենք ասում ենք, որ նա կենդանի է, սակայն նրա կյանքը զուրկ է իրականությունից:
Իրական կյանքը բաղկացած է նրբությունից, փափկությունից, անկեղծությունից: Մի’ վախեցեք գոյությունից, չէ որ այն հոգ է տանում Ձեր մաին, սիրում է Ձեզ: Պետք չէ պայքարել Աստծո դեմ: Աստված արդեն պատրաստ է Ձեզ ավելին տալ, քան Դուք կարող եք պատկերացնել: Սակայն Աստված կարող է դա անել միայն այն դեպքում, եթե Դուք փափուկ եք ու նուրբ: Եթե Դուք կդառնաք սպունգի նման, ապա Աստված կարող է Ձեր մեջ մտնել:

Մարտի 16

Կրոնը պետք է իսկական լինի: Բավական է: Մենք չափազանց երկար ենք ապրել ոչ իսկական կրոնով: Կյանքն իրական է, սերը` իրական: Երբ Դուք սիրում եք կյանքը, այն Ձեր Աստվածն է դառնում: Կյանքին խոնարհվելու միակ ձևը երգելն է, պարելը, ծաղկելը, ստեղծագործ լինելը: Ինչ-որ ներդրում ունեցե’ք տոնի, այդ մեծ տոնախմբության, հիասքանչ կառնավալի մեջ, որին երբեք վերջ չկա: Աստղերը պարում են, ծառերը և օվկիանոսները միացել են պարին:

Գրականություն

Նար-Դոս, «Սև փողերի տոկոսը»

Նոր էր մթնել, որ պառավ Մարանը պատրաստվեց քնելու, թեև գիտեր, որ մինչև կեսգիշեր շուռումուռ պիտի գար անկողնում լվաներից և պառավական անքնությունից։ Դեռ բավական լույս էր, որ գցել էր տեղաշորը։ Միշտ այդպես էր անում, որ գիշերվա մթան մեջ նեղություն չտա իրեն։ Նավթ չուներ, որ վառեր։

Պառկելուց առաջ մոտեցավ խրճիթի պուճախին, ձեռքով շոշափեց և տեսավ, որ հավերը նստած են թառին, թեև շատ լավ գիտեր, որ նրանք ամբողջ օրը հարևան հավերի և աքլորների հետ ամբողջ թաղը տակնուվրա անելուց հետո երեկոյան, սովորական ժամին, եկել թառել էին իրենց տեղը։ Երբեք չէր կարող հանգիստ տեղաշոր մտնել, մինչև որ չստուգեր հավերի ներկայությունը, որովհետև նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն ու հույսը այդ երկու հատիկ հավն էր, որոնց սիրում և խնամում էր իր աչքի լույսի պես։ Հավերը ձու էին ածում, պառավ Մարանն այդ ձվերը տանում էր թաղի մանրավաճառի մոտ և փոխում հացի կամ կուտի հետ։ Այդպիսով հավերը համ իրենց էին պահում, համ պառավ Մարանին։
Հավերը նրա ձեռքի շոշափումից շարժվեցին և կռկռոց արձակեցին։ Այնուհետև պառավը կատարեց իր սովորական աղոթքը, երեսն անկանոն կերպով խաչակնքելով՝ երեք անգամ ծունր դրեց խրճիթի խորդուբորդ հատակի վրա, ինչ-որ մռմռալով քթի տակ, հետո հանվեց և պառկեց։ Խոնավ անկողինը մի անախորժ սարսուռ ազդեց նրա ցամաքած մարմնին. նա կուչ եկավ և վերմակը քաշեց գլխին։ Ու մտածմունքները՝ տխուր ու անմխիթարական, նորից պաշարեցին նրան։
Մենակ, մեն-մենակ էր ապրում պառավ Մարանն այդ կիսախարխուլ խրճիթում, որ մարդուց մնացած միակ հարստությունն էր։ Վաղուց, շատ վաղուց էր մեռել մարդը, որ մի հարբեցող խարազ էր։ Մեռել էր շատ հիմար կերպով, մի անգամ գիշերով լավ կոնծած, բայաթի երգելով տուն գալիս ընկել էր փողոցում գլխի ծածկը փլած արտաքնոցի հորը և մինչև հանելը խեղդամահ եղել գազերից։ Չնայելով, որ կինը շատ քիչ լավ օր էր տեսել նրա ձեռքին, բայց և այնպես երկար ժամանակ սուգ էր անում նրա համար և այժմ էլ առանց խոր հոգոց հանելու չէր կարողանում հիշել նրան, ախր ինչ էլ որ լիներ, էլի այն ժամանակ մի կենդանի շունչ կար մոտը, թեև ծեծ ու հայհոյանքով — բայց պահող-պահպանող ուներ։
Ճիշտ է, այժմ ուներ մի որդի, բայց նա էլ փուճ-փճանալու մեկն էր, գող ու ջիբգիր, որ օրերով ու շաբաթներով տան երես չէր տեսնում, մորը չէր նայում, այնպես որ եղած-չեղած մեկ էր։
Որդու փճությունը թունավորել էր պառավ Մարանի առանց այն էլ թշվառ կյանքը։ Քանի-քանի անգամ արցունքն աչքերին փորձ էր արել խրատելու Արտեմին, որ հեռանա վատ ճանապարհից, մի գործի կպչի, պսակվի, օրինավոր տունուտեղ դնի, օրինակ էր բերում հարևան Օսանի տղա՝ թաբախ ման ածող Ցականին, որ նրա հասակակիցն էր և կարգին ընտանիք էր պահում, բայց հենց առաջին խոսքի վրա Արտեմն այնպես չռել էր նրա վրա իր ահարկու աչքերը, այնպես բղավել նրա վրա, որ խեղճ պառավն իսկույն ձայնը փորն էր գցել։

Շարունակել կարդալ “Նար-Դոս, «Սև փողերի տոկոսը»”

Գրականություն

Գրիգոր Զոհրապ, «Այրին»

Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներովը։ Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը։

Կալաթա Սերայի պահականոցին դեմ, երկու կառապան՝ հապաղած անցորդ մը գտնելե հուսաբեկ՝ ցուրտեն պատսպարվելու համար իրենց կառքին մեջ կը մրափեին։ Մարդ չկար ու այդ աղմկալից փողոցի ժխորեն ուրիշ բան չէր մնացեր, բայց եթե առջի իրիկվընե ի վեր տեղացող անձրևին անընդհատ ձայնը իր հուսահատական միօրինակությամբը։ Հեռվե հեռու, ուղիղ ու լայն ճամփուն բոլոր երկայնությամբը, մութին մեջ կը տեսնվեր շարք մը կարմիր ու արյունագույն կետերու՝ որոնք կազերուն տամուկ ու դողդոջուն լույսերն էին։ Քազինոները, քաֆե շանթանները և ուրիշ զբոսավայրերը շատոնց գոցված էին, անոնց տեղ, հոս՝ մսավաճառի, հոն՝ կաթնավաճառի խանութ մը իր դուռը կը բանար, և մութուն ելլելու վարժվող այս խանութպաններու աշկերտները՝ դեռ նոր արթնցած, կես քուն, կես արթուն, կանթեղի լույսով գիշերեն կ’սկսեին իրենց օրական աշխատությունը։
Զայն ձուն չկար դեռ ու գիշերապահը տասներկու կu զարներ փողոցին հնչուն մայթին վրա։ Պատի մը տակ, մարդ մը` անշուշտ խաղատան մը մեջ ունեցածը չունեցածը կորսնցնելե ետքը, կծկտած էր լուսնալուն սպասելով, պառկելու տեղ մը գտնելէ հուսակտուր, վասն զի այս հյուրընկալ փողոցը ստակ չունեցողներուն համար չէ։ Ասդին անդին քուրջեր հավաքող մարդիկ, լապտեր մը ձեռքերնին, լռիկ ու գլխահակ, իրենց ուսի կողովը կը լեցնեին։ Բայց հետզհետե մութը իր խստությունը կը կորսնցներ, Կալաթա Սերայեն վար վաճառատուններուն մեջ ձայներ կը լսվեին ու քիչ քիչ անցորդներ երևան կ’ելլեին փողոցին մեջ։ Բանջարեղեններով ու կաթի ամաններով բեռնավորված ձիեր հանդարտաքայլ կու գային, կ’անցնեին վիզերնուն կապված զանգակներուն ձայներովը արթնցնելով քարուկիր շենքերուն արձագանքը։
Հիմա ալ լուսնալու մոտ էր ու Փերայի տուները կը ճշտվեին ստվերամած հորիզոնին վրա. ձայները երթալով կշտանային. խանութներու երկաթե փեղկերը կշարժեին . կանուխ ելլող սպասավորներ, պահապաններ, փեղկին մեջ բացված դռնակեն դուրս կ’ելլեին ու վաճառատուններու առջևի սալաքարերը կը մաքրեին խանութին ներսը ավլելե վերջը, բոկեղ , կաթ ու սալեպ վաճառողներ պոռալով կ’սկսեին իրենց առատվան առուտուրը, այդ ծառաներուն, բեռնակիրներուն ու պահապաններուն բերելով աժան գինով նախաճաշ մը. «բարի լույս»-եր կը փոխանակվեին դրացի մարդոց մեջ։

Շարունակել կարդալ “Գրիգոր Զոհրապ, «Այրին»”

Գրականություն

Գի Դը Մոպասան, «Մենություն» նովելը

Մի ճաշկերույթից հետո էր… Չափազանց զվարթ էինք: Ներկաներից մեկը` մի հին ընկեր, ինձ ասաց.

– Չէ՞իր ցանկանա քայլել Ելիսեյան դաշտերն ի վեր:
Ու մենք, ահա, մեկնեցինք տերևներով հազիվ զգեստավորված ծառերի տակով` հանդարտ քայլերով շարունակելով երկար զբոսանքը: Փարիզյան անորոշ ու տևական աղմուկից բացի ոչ մի ուրիշ ձայն չկար: Մի զովաբեր քամի փչում էր մեր դեմքին, աստղաշղթան ոսկեփոշի էր սփռում խավար երկնքում:


Իմ ընկերն ասաց ինձ.
-Չգիտեմ` ինչու այստեղ ավելի լավ եմ շնչում, քան ուրիշ որևէ տեղ, գիշերը: Թվում է` միտքս այստեղ թևեր է առնում: Երբեմն, մի վայրկյան իմ հոգում ապրող լույսերի այս տարատեսակները ստիպում են հավատալ, որ ուր որ է կբացահայտենք իրերի աստվածային գաղտնիքը: Հետո պատուհանը կրկին փակվում է: Վե՛րջ:
Ժամանակ առ ժամանակ մենք տեսնում էինք լայնարձակ ծառուղիներով սահող երկու ստվեր, անցնում էինք նստարանի մոտով, ուր երկու արարած, իրար կողք կողքի նստած լոկ մի սև հետք էին կազմում:
Հարևանս շշնջաց .

Շարունակել կարդալ “Գի Դը Մոպասան, «Մենություն» նովելը”

Գրականություն

Չարենցի մահը

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ՉԱՐԵՆՑԻ ԴԵՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԳԵՒՈՐԳ ԱԲՈՎՆ Է ԵՂԵԼ: ՆԱ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ ԱՍՈՒՄ ԷՐ. «ԸՆԿԵՐՆԵՐ, ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ Է, ՈՐ ՉԱՐԵՆՑՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏԱԿԱՆ ՌԵԱԿՑԻՈՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԿՈՆՑԵՊՑԻԱ Է»

Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…
Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր:
Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:
1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար:
Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:
Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը: Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում:
Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել:
Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:
Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»:
Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը:
Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում:

Գրականություն

Չարենցի մասին Հուշեր

Շարունակել կարդալ “Չարենցի մասին Հուշեր”

Գրականություն

Ռեգինա Ղազրյան Հուշեր Չարենցի մասին

IMG_1518

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան

Շարունակել կարդալ “Ռեգինա Ղազրյան Հուշեր Չարենցի մասին”

Գրականություն

Դինո Բուցատի 《Առնետները》

Տեսնես ի՞նչ եղան իմ բարեկամ Կորիոները: Ի՞նչ է կատարվում նրանց գյուղական հին ամառանոցում, որ Դոգանելլա է կոչվում: Անհիշելի ժամանակներից, ամեն ամառ նրանք մի քանի շաբաթով ինձ հրավիրում էին իրենց ամառանոցը: Այս տարի առաջին անգամն էր, որ չհրավիրեցին: Ջովաննին ինձ մի քանի տող է գրել` ներողություն խնդրելու համար: Հետաքրքիր նամակ է, որն աղոտ կերպով ակնարկում է ընտանեկան դժվարություններն ու տհաճությունները ու չի բացատրում ոչինչ:

Շարունակել կարդալ “Դինո Բուցատի 《Առնետները》”